26 փետրվարի 2010 - 19:52 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է


«Ես համաձայն եմ փետրվարի 25-ին Կիեւում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի կատարած հայտարարության հետ այն մասին, որ Թուրքիան պետք է առաջինը ապաշրջափակի հայ-թուրքական սահմանը»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով, եթե Թուրքիան «առանց փակ սահմանների» տարածաշրջան է ցանկանում, ապա պետք է բացի հայ-թուրքական սահմանը: «Եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացում Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագծի ընդունմանը` պատգամավորը նկատեց, որ այն չի ընդունվել կոնկրետ հայ-թուրքական ստորագրված Արձանագրություններն ընդհատելու համար: «Այդ օրինագծով Հայաստանի նախագահին իրավունք է ընձեռվում դադարեցնելու միջազգային պայմանագրերը, անկախ այն բանից, թե կնքման որ փուլում են դրանք գտնվում»,- ընդգծեց Մարգարյանը:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե երբ են լրանում Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետները, պատգամավորը նկատեց, որ այդ հարցին շուտով կանդրադառնան նաեւ միջազգային տերությունները: «Ոմանց համար խելամիտ ժամկետը մարտի 4-ն է, երբ ԱՄՆ արտաքին հարաբերությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը քվեարկության կառաջադրի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,- ընդգծեց նա: