26 փետրվարի 2010 - 22:01 AMT
Slaq.am ինտերնետ հեռուստատեսությունը պատրաստվում է ուղիղ միացումներին


Slaq.am ինտերնետ հեռուստատեսությունը պատրաստ է ուղիղ հեռարձակումներ վարել մամլո ասուլիսներից եւ իրադարձությունների վայրերից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Slaq.am-ի տեխնիկական տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, մոտակա շաբաթների ընթացքում կլուծվեն տեխնիկական հարցերը: «Համակարգիչը միացված տեսախցիկով եւ USB մոդեմով թույլ կտա դուրս գալ ուղիղ եթեր Հայաստանի գրեթե յուրաքանչուր կետից: Հենց այդ պատճառով մենք կարծում ենք, որ մոտակա ժամանակ կկարողանանք առաջ անցնել ավանդական հեռուստատեսությունից», - ասել է Հովհաննիսյանը: Կայք էջի այցելուները հնարավորություն կստանան շուրջօրյա դիտել Երեւանի կադրերը իրական ժամանակում:

«Ինտերնետ հեռուստատեսության լսարանը բավականին տարբերվում է: Ֆինանսական առումով նրանք ապահովված մարդիկ են, քանի որ նրանք պետք է ունենան համակարգիչ եւ ինտերնետ», - ասել է նա: Slaq.am ինտերնետ հեռուստատեսությունը բացվել է 2009 թ-ի դեկտեմբերին: Այսօր կայքը այցելում է 50 հազար մարդ: