28 փետրվարի 2010 - 16:18 AMT
AP. Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի պատճառով դժվարին դրության մեջ է հայտնվել


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժվարին դրության մեջ է, քանի որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի գծով կոմիտեն պատրաստվում է Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված հայերի զանգվածային սպանությունները Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձեւի քվեարկությանը: Այդ մասին գրում է The Associated Press-ը:

«Դեռեւս լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու` սենատոր Բարաք Օբաման հայտնեց, թե հավատում է, որ հայերի սպանությունը Ցեղասպանություն է եղել: Կոնգրեսի բանաձեւը կարող է Թուրքիային` ՆԱՏՕ-ում Ամերիկայի դաշնակցին, ստիպել երես թեքել ԱՄՆ-ից, իսկ թուրք-ամերիկյան հարաբերություններն առանցքային դեր են խաղում Վաշինգտոնի արտաքին քաղաքական նպատակների իրականացման գործում»,- նշում է AP-ն:

Գործակալության թղթակիցը գրում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի գծով կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի մամլո քարտուղար Լին Վեյլը հայտնել է, որ Սպիտակ Տունը ոչ մի ճնշում չի գործադրելու կոմիտեի վրա բանաձեւի ընդունման հարցում:

«ԱՄՆ-ին նախկինի պես հարկավոր է Անկարայի օժանդակությունը Աֆղանստանում եւ Իրաքում օպերացիաներ իրականացնելու համար: Բացի դրանից, արտաքին գործերի կոմիտեն իսրայելամետ դիրքորոշում ունի, եւ բանաձեւի ընդունումը կարող է թուրք-իսրայելյան փոխհարաբերություններում լարվածության ուժգնացման, ինչպես նաեւ Թուրքիայի ու Իրանի միջեւ հարաբերությունների ջերմացման արդյունքը լինել: Չէ՞ որ նախկինում Թուրքիան ու Իսրայելը պահպանում էին բարեկամական հարաբերությունները, եւ իսրայելյան կողմն ակտիվորեն հանդես էր գալիս բանաձեւի ընդունման դեմ»,- հաղորդում է AP-ն:

Ինչպես գրում է AP լրագրողը, այս տարի ԱՄՆ հայկական կազմակերպություններն ու կոնգրեսականները լավատեսորեն են տրամադրված բանաձեւի ընդունման հարցում, քանի որ ԱՄՆ նախագահ Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սենատոր եղած ժամանակ ակտիվորեն օժանդակում էին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը:

Բանաձեւի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆֆը գտնում է, որ Կոնգրեսում բանաձեւի ընդունման համար պայմաններն այս տարի ավելի բարենպաստ են, քան 2007 թվականին: «Անցյալ անգամ ԱՄՆ նախագահ Բուշը կոնգրեսականներին կոչ արեց բանաձեւի դեմ քվեարկել»,- հիշեցրել է կոնգրեսականը:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Համմերն իր հերթին հաղորդեց, որ բանաձեւի հարցում ԱՄՆ-ն շարունակում է շահագրգռված մնալ փաստերի լիարժեք, արդար ճանաչման գործում: «Մենք նախկինի պես գտնում ենք, որ դրա համար հայ եւ թուրք ժողովուրդները պետք է անցյալի փաստերին վերաբերվեն որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մասի»,- ասաց Սպիտակ տան ներկայացուցիչը` հրաժարվելով ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առնչությամբ վարչակազմի դիրքորոշումը: