1 մարտի 2010 - 21:26 AMT
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան . Վերին Լարսի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

Մարտի 1-ին Վերին Լարս-Կազբեգի տրանսպորտային անցումի աշխատանքների վերականգնումը լավ նորություն է, քանի որ լրացուցիչ տրանսպորտային միջանցք է բացվում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ինչպես հայտնել են PanARMENAIN.Net-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունից, այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Հուսով եմ, որ հիշյալ անցումային կետի բացումով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալները կաճեն, կնվազեն բեռնափոխադրման ծախսերը: Այս ամենն, անկասկած, դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, կբարելավվի նրա ներքին շուկայի մատակարարումը, հետեւաբար, սոցիալական մթնոլորտը»,- ավելացրել է նա:

Մարտի 1-ի առավոտից գրեթե քառամյա ընդմիջումից հետո «Կազբեկի» (Վրաստան) եւ «Վերին Լարս» (ՌԴ) հսկիչ-անցումային կետերը վերականգնել են աշխատանքը ռուս-վրացական սահմանում:

Այդ ՀԱԿ-երի միջոցով երկու երկրների միջեւ հաղորդակցման վերականգնման մասին որոշումն ընդունվել է համապատասխան համաձայնությունների, որոնք ձեռք են բերվել ռուս եւ վրացի փորձագետների միջեւ անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 23-ին: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երեւանում Հայաստանի միջնորդությամբ, երկրորդը` Կազբեգիում Շվեյցարիայի միջնորդությամբ:

Վրաստանի ԱԳՆ հաղորդմամբ «Կազբեգի» ՀԱԿ միջոցով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների եւ կենդանիների անցկացումն իրականանալու է Վրաստանի գործող օրենսդրության համապատասխան: «Վերին Լարս» ՀԱԿ-ում համապատասխանաբար գործելու են ՌԴ օրենքներն ու կանոնները:

Երկու կետերն էլ բաց են լինելու յուրաքանչյուր օր մարտի 1-ից նոյեմբերի 1-ը ժամը 06:00-22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` 07:00-19:00: Կապված կլիմայական պայմանների հետ` նոյեմբերի 1-ից մայիսի 1 ընկած ժամանակահատվածում հնարավոր են 30-ից ավել ուղեւորատեղեր ունեցող կցովի եւ կիսակցովի մեքենաների եւ ավտոբուսների տեղափոխման սահմանափակումներ: