2 մարտի 2010 - 11:34 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Կոնգրեսականները պետք է գիտակցեն 252 բանաձեւի ընդունման վտանգը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշման հետ, այն է` մարտի 4-ին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին «252 բանաձեւը»:

Իր հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատատության է ենթարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը, նշելով, որ պաշտոնական Անկարան դատապարտել է այն: «Մենք այդ մասին տեղեկացրել ենք տարբեր աստիճաններում եւ մակարդակներում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչերին: Մենք սպասում ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կմերժի օրինագիծը, որը կվնասի Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններին, ինպես նաեւ վտանգի կենթարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարությունում:

«Մենք հակված ենք ենթադրել, որ Հանձնաժողովի անդամները կգիտակցեն այն վտանգը, որն իր մեջ թաքցնում է օրինագիծը Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունների համար, ինչպես նաեւ Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն ուղղված գործունեության համար, եւ հավատում ենք, որ նրանք պատասխանատու կերպով կգործեն»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, հաղորդումէ TRT-Russian-ը: