2 մարտի 2010 - 18:22 AMT
2009 թ. «ACBA Leasing»-ը գերակատարել է շահույթի ծրագրված ցուցանիշը 50 տոկոսով

«ACBA Leasing» ՓԲԸ-ն 2009 թ. բարձր ցուցանիշներ է ձեռք բերել, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ընկերության տնօրեն Ստեփան Գիշյանը : «Ընկերությունը 50 տոկոսով գերակատարել է շահույթի ծրագրված ցուցանիշը, եւ 2008 թ. համեմատ գրանցվել է 200 տոկոս բացարձակ աճ», - ասել է նա:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այսպիսի դրական միտում է նկատվել նաեւ ընկերության եվրոպական գործընկերների մոտ` ի հաշիվ լիզինգի հատուկ հատկությունների: «Ճգնաժամի պայմաններում, երբ բանկերը խուսափում են երկարաժամկետ վարկավորումներից, լիզինգն ապահովում է երկարաժամկետ վարկավորումը: Այդ պատճառով էլ նկատելի է դրանում կապիտալի որոշակի հոսք», - ընդգծել է նա:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը բացառություն չէ, քանի որ լիզինգն ապահովում է հիմնական միջոցների ավելացման գործընթացը, որի կարիքն այսօր հայկական էկոնոմիկան շատ ունի: