2 մարտի 2010 - 19:18 AMT
Հայաստանի 2010 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտներն աճել են 22,3 տոկոսով

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 51.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 38.6 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 34.6 եւ 21.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 7.2%-ով, ծախսերի գծով` 4.6%-ով:

Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.3%-ով կամ 9.3 մլրդ դրամով: Ընդ որում, 14.6%-ով (5.1 մլրդ դրամով) ավելացել են հարկերը եւ տուրքերը, 41.7%-ով (2.0 մլրդ դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 2.1 անգամ կամ 2.2 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 78.6%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 13.3%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 8.1%-ը` այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 1.3 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար ամսին պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 40.2 մլրդ դրամ եւ 34.4%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի հունվարի համեմատ նշված եկամուտներն աճել են 14.6%-ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի եւ եկամտահարկի աճով: