3 մարտի 2010 - 16:44 AMT
Հայոց ցեղասպանությունը կարեւորագույն իրադարձությունն է Եվրոպայի հիշողության մեջ

Այսօր Երեւանում` Հայոց ցեղասպանության թանգարանում, տեղի ունեցավ թագավորական փաստաբան Ջեֆֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղել է Հայոց ցեղասպանությունը» փորձագիտական զեկույցի հայերեն լեզվով էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը: «Մեծ Բրիտանիայի հայկական կենտրոնն ընտրել է հենց Ռոբերթսոնին, քանի որ նա բավական հայտնի փորձագետ է, որի կարծիքին բրիտանացիներն ավելի շատ են ականջ դնում, քան մեկ ուրիշին»,- շնորհանդեսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, վերջերս Բրիտանիայում նույնպես ակտիվացել է Հայոց ցեղասպանության հարցը, եւ Ռոբերթսոնի զեկույցն այդ հարցում մեծ դեր խաղաց:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին ասաց, որ այդ զեկույցի կատարման համար ընտրվեց Մեծ Բրիտանիան, քանի որ նա բավական լուրջ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Յուրաքանչյուր երկրի հիշողության մեջ Հայոց ցեղասպանության քննարկման հարցն առաջին հերթին հարգանք է սեփական ժողովրդի պատմության հանդեպ»,- ասաց Դեմոյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունն իր քաղաքական եւ հումանիտար նշանակությամբ կարեւորագույն իրադարձությունն է Եվրոպայի հիշողության մեջ: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը պետք է միջազգային հանրությանը հստակ հասկացնի, որ անգամ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում չի նշանակում: Նրա խոսքով, Թուրքիան պետք է ոչ միայն ճանաչի Ցեղասպանությունը, այլեւ Հայաստանի երկրորդ քայլը պետք է դառնա հատուցման պահանջը:

Դեմոյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին` շեշտը դնելով Արձանագրությունների վրա. «Ես Արձանագրությունների դեմ կամ կողմից հանդես չեմ գալիս, բայց եթե չլինեին այս փաստաթղթերը, ապա հնարավոր է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում չհայտնվեր Հայոց ցեղասպանության մասին 252 բնաձեւը»,- նշեց Հայկ Դեմոյանը: