Հայաստանում իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունները կանդամակցեն Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը

Հայաստանում իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունները կանդամակցեն Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: Նախագահ Սարգսյանը կարեւորել է համաեվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստանի Հանրապետություն եւ ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին: «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով, նրանց դավանած արժեքային համակարգով եւ այս առումով մեր ուղղությունը շատ ակնհայտ է»,-ընդգծել է երկրի ղեկավարը` կարեւորելով նաեւ շփումները, ինտեգրումը կուսակցական մակարդակով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին` Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ եւ ասել. «Ինչպես բազմիցս նշվել է, սա նոր հնարավորություններ է բացում Եվրոպական խորհրդարանի, եւ ընդհանրապես, Եվրոպայի դերի բարձրացման գործում»:

Վիլֆրիդ Մարթենսն ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր»կուսակցությունները դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Հանրապետության Նախագահը եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության ղեկավարը քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանը, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը։Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է Եվրախորհրդին, ընդգրկված է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում: Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերությունը դիտում է «հնարավորությունների պատուհան» եւ ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---