4 մարտի 2010 - 22:29 AMT
Կոնգրեսական Ջիմ Կոստան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմից է քվերակելու

Ֆրեզնոյից (Կալիֆոռնիայի նահանգ) կոնգրեսական Ջիմ Կոստան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում իր գործընկերներին կոչ է արել Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախաշեմին ճանաչել XX դարի առաջին ցեղասպանության պատմական փաստը: «Իմ քաղաքում` Ֆրեզնոյում, շատ հայեր կան, որոնք Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են: Ես լսել եմ նրանց պատմությունները հայ ընտանիքների զանգվածային գնդակահարությունների ու բռնագաղթերի մասին»,- ասաց կոնգրեսականը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ:

Ջիմ Կոստան կոնգրեսականներին հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ աշխարհում իրագործված մնացած ցեղասպանությունների համար, եւ ԱՄՆ-ն չպետք է ենթարկվի Թուրքիայի ճնշմանը: «Ես Թուրքիայի դաշնակիցներին կոչ եմ անում հաշտվել պատմության հետ եւ ճանաչել այն: Այստեղ շատերն ասում են, որ այժմ ամենահարմար պահը չէ այդ փաստի ճանաչման համար, բայց ես հարց եմ տալիս` ե՞րբ կգա այդ հարմար պահը: Որքա՞ն երկար մենք կարող ենք ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Ես բանաձեւի ընդունման օգտին կքվեարկեմ ի հիշատակ այն ընտանիքների, որոնց պատմությունները ես լսել եմ Ֆրեզնոյում»,- հայտնեց Ջիմ Կոստան: