4 մարտի 2010 - 22:32 AMT
Բիլլ Դելահանթ. ԱՄՆ-ն չպետք է սպառնալիքի տակ դնի այն, ինչին հասել են Հայաստանն ու Թուրքիան

«Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ իսկ պատճառով ես հանդես եմ գալիս բանաձեւի ընդունման դեմ»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Բիլլ Դելահանթը (Մասսաչուսեթս): Նրա խոսքով, Հայաստանն ու Թուրքիան ներկա պահին պատմական պահի են հասել իրենց հարաբերություններում, եւ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է կայունության հանգեցնել ողջ տարածաշրջանում:

«Արձանագրությունների վավերացման դեպքում կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- ասաց Դելահանթը` ավելացնելով, որ դրանից Հայաստանը միայն կշահի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն կստանա: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն չպետք է իր որոշմամբ սպառնալիքի տակ դնի այդ գործընթացը: