5 մարտի 2010 - 13:41 AMT
Էրդողանը դժգոհ է ամերիկացի կոնգրեսականների որոշումից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը լուրջ մտավախություն է հայտնել առ այն, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը կարող է վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին եւ Թուրքիայի ու Հայաստանի դարավոր թշնամանքին վերջ դնելու փորձերին: «Բանաձեւի ընդունումը վերագրում է թուրք ժողովրդին ոճրագործություններ, որոնք նա չի կատարել»,-ասել է Էրդողանը:

Ամերիկացի կոնգրեսականների որոշման կապակցությամբ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվել Անկարա խորհրդակցությունների համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Թիվ 252 բանաձեւը կոչ է անում ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտահայտի մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ այն իրադարաձություններին առնչվող հարցերի պատշաճ ընկալումը, որոնք գրանցված են ԱՄՆ փաստաթղթերում եւ վերաբերում են Հայոց ցեղասպանությանը:

Բանաձեւին կից նշումներում հստակ ասվում է. «Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել եւ իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-23թթ., որի արդյունքում բռնագաղթվել է շուրջ 2 մլն հայ, որոնցից 1,5 մլն սպանվել է, կես միլիոն վերապրածներն արտաքսվել են իրենց տներից: Արդյունքում վերջ դրվեց հայերի 2500-ամյա ներկայությանը իրենց պատմական հայրենիքում»: