5 մարտի 2010 - 16:00 AMT
Ամերիաբանկը Դիլիջանում մասնաճյուղ է բացել

Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի նոր մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի բարձրագույն ղեկավարությունը, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք:

«Շատ կարեւոր է, որ Հայաստանի բանկային համակարգը զարգանում է, մասնավորապես, բարձրանում է հաճախորդներին սպասարկելու մակարդակը երկրի մարզերում», - բանկի նոր մասնաճյուղի բացումից հետո ասել է Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքերի համաձայն, բանկի նոր մասնաճյուղը հագեցած է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, եւ հաճախորդները կարող են բանկի տրամադրած համալիր ծառայություններ ստանալ:

«Մենք ջանում ենք Հայաստանում ներդնել միջազգային բանկային ստանդարտներ, որոնք գործում են ամբողջ աշխարհում», - նշել է Վարդանյանը: Նրա խոսքերի համաձայն, Տավուշի մարզում մեծ նախագծեր իրականացնելու ներուժ կա, որոնք կապված են կառավարության եւ մասնավոր սեկտորի ծրագրերի հետ:

«Հետագա զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել հետեւյալ ենթակառուցվածքները` դպրոցներ, հիվանդանոցներ եւ բանկային սեկտոր, որպեսզի ե'ւ մարզի բնակիչները, ե'ւ մարզի այցելուները կարողանան ստանալ բարձր մակարդակի ծառայություններ», - ասել է բանկի տնօրենների խորհուրդը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, իր հերթին, ասել է, որ Հայաստանի բանկային համակարգում, մասնավորապես Տավուշի մարզում, նկատվում է ակտիվացման միտում: Այս առնչությամբ նա ասել է, որ մարզում արդեն բացվել է 4 մասնաճյուղ եւ ACBA ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի եւս մեկ մասնաճյուղ բացվելու է մոտակա երկու ամիսների ընթացքում: Բացի դրանից, Ջավադյանի խոսքերի համաձայն, երեք բանկ ԿԲ-ին են ներկայացրել իրենց մասնաճյուղերը գրանցելու մասին հայտեր: