The Washington Post. «Ադրբեջանի նախագահի ձեռք բերած թանկարժեք սեփականությունը Դուբայում հարցերի տեղիք է տալիս»

PanARMENIAN.Net - Նույնիսկ իր շքեղությամբ եւ հարստությամբ շլացնող այս քաղաքի համար ստորեւ ներկայացվող փաստը մեծ տպավորություն է թողնում»,- գրում է The Washington Post-ը: Անցյալ տարի ընդամենը երկու շաբաթվա ընթացքում 11-ամյա ադրբեջանցի տղան դարձավ ափամերձ 9 շքեղ առնձնատների սեփականատեր: Ընդհանուր առմամբ այս հաճույքի արժեքը 44 մլն դոլար է, ինչը 10 անգամ ավելի է Ադրբեջանի շարքային քաղաքացու տարեկան միջին աշխատավարձից: Տղայի անուն ազգանունը Հեյդար Ալիեւ է, առանձնատների սեփականության փաստաթղթերում սեփականատիրոջ ծննդյան տարեթիվը համընկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդու անուն-ազգանունի եւ ծննդյան տարեթվի հետ:

Բաքվի պաշտոնատար անձինք հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչպես է իրենց նախագահի որդին (կամ առնվազն նրա երկվորյակը)`11-ամյա ադրբեջանցի դպրոցականը, դարձել Դուբայի Փալմ-Ջումեյրա էլիտար համալիրի մի շարք առանձնատների սեփականատեր: Ի դեպ, Փալմ-Ջումեյրա համալիրը մուլտիմիլիոնատերերի եւ ֆուտբոլի բրիտանացի աստղերի սիրելի վայրն է:

Իլհամ Ալիեւի նախագահական աշխատավարձը համարժեք է տարեկան 228 հազար դոլարի, ինչը բավարար չէ Փալմ-Ջումեյրայի անգամ ամենահամեստ առանձնատունը ձեռք բերելու համար:

Ադրբեջանի նախագահի խոսնակ Ազեր Հասիմովը հրաժարվել է քննարկել Դուբայում սեփականության ձեռքբերման այս փաստը. «Ես որեւէ մեկնաբանություն չունեմ այս կապակցությամբ եւ ավարտում եմ այս զրույցը: Հաջողություն»,-ասել է նա, երբ հեռախոսազրույցի ժամանակ լրագրողից տեղեկացել է փաստաթղթերում նշված սեփականատիրոջ անուն-ազգանունի մասին: Ֆաքսով, հեռախոսով, էլեկտրոնային փոստով մեկնաբանություններ տալու հետագա խնդրանքները Հասիմովը նույնպես անպատասխան է թողել:

Նախկին սովետական Ադրբեջանը հայտնի է նավթի եւ գազի իր պաշարներով, արտաքինից երեւում է Ադրբեջանի փայլուն կապիտալը, սակայն ներսից այդ երկրում լայնորեն տարածված են չքավորությունն ու կոռուպցիան: Դուբայում ձեռք բերված սեփականությունները վառ օրինակ են, թե ինչպիսի գումարներ է տնօրինում Ադրբեջանի իշխանական էլիտան եւ ինչպես է այդ գումարներն ի պահ դնում արտասահմանում:

Գործարքները սրեցին անելանելի իրավիճակը, որ տարիներ շարունակ քողարկում էր Վաշինգտոնի եւ Ադրբեջանի հարաբերությունները. ինչպե՞ս կարգավորել Միացյալ Նահանգների անվտանգության եւ էներգետիկ հիմնահարցերը նավթով հարուստ Կասպյան ծովի տարածաշրջանի բնակչության հետ փոխհարաբերության համատեքստում: Անցյալ տարի Պետքարտուղարության ներկայացրած մարդու իրավունքների վերաբերյալ «Տարածվող կոռուպցիա» վերնագրով զեկույցում Կասպյան տարածաշրջանը ներկայացվել է որպես ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների տարածաշրջան:

Ադրբեջանը զորքեր է ուղարկել Աֆղանստան եւ Իրաք` աջակցելու ժողովրդավարության կայացմանը, սակայն իր երկրում, ինչպես պնդում են այդ տարածաշրջանի դիվանագետներն ու փորձագետները, հետ է կանգնում ժողովրդավարական քայլերից: «Թրանսփերենսի Իթերնեյշնլ» կազմակերպությունն իր համաշխարհային կոռուպցիայի թեմայով 2009 թվականի հարցման մեջ 180 երկրների շարքում Ադրբեջանին դասակարգել է 143-րդ հորիզոնականում:

12-ամյա դպրոցական Հեյդար Ալիեւի` արդեն գրանցված 9 սեփականություններից բացի, Դուբայի անշարժ գույքի կադաստրն ունի նաեւ սեփականության փաստաթղթեր Լեյլա եւ Առզու Ալիեւաների անունով: Նախագահ Ալիեւն ունի 2 դուստր հենց այդ անուններով: Բացի այդ, փաստաթղթերում նշված սեփականատերերի տարիքը եւս համապատասխանում է Ադրբեջանի նախագահի դուստրերի տարիքին:

Ընդհանուր առմամբ Դուբայում Ադրբեջանի նախագահի 3 երեխաների անունները կրող սեփականատերերի ունեցվածքը կազմում է 75 միլլիոն դոլար: Դուբայի անշարժ գույքի գործակալները հայտնում են, որ գնորդը Ադրբեջանի իշխանական ընտանիքի անդամներից մեկն է: Գործակալները հայտնում են, որ սեփականության համար վճարվել է կանխիկ:

Ալի Քերիմլին, ով Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչներից է, հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Բոլորս էլ գիտենք, որ մեր երկիրն ամենակոռումպացվածներից է»: Երբ նրան հայտնեցին Դուբայում սեփականության ձեռքբերման մասին, նա ավելացրեց, որ զարմացած է, որ անգամ ջանք չեն գործադրել թաքցնել այդ փաստը: «Ադրբեջանի իշխանություններին որեւէ վտանգ չի սպառնում, քանի որ դատական համակարգը, հակակոռուպցիոն մարմինները եւ երկրի մամուլի զգալի մասը կառավարում են նրանք»,- հայտնում է Քերիմլին:

Կոռումպացված էլիտայի ձգտումը` երկրից դուրս բերել սեփական կապիտալը, բնորոշ է շատ նավթաարդյունաբերող ազգերի: Այդպիսով այդ էլիտան հանգիստ է, որ քաղաքական քամիների փոփոխման դեպքում իր կարողությունն ապահով վայրում է:

Քերիմլին ասում է, որ Վաշինգտոնը շատ է կենտրոնացրել իր ուշադրությունը անվտանգության եւ վառելիքի խնդրի վրա ու այդպիսով «թույլ է տվել մեր երկրին կարծել, որ ժողովրդավարական բարեփոխումը կարեւոր չէ»: Երբ 2008-ին ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Բ. Չենեյը այցելեց Բաքու, նա ոչ միայն կենտրոնացավ վառելիքի խնդրի վրա, այլեւ հանդիպեց «Բրիթիշ Փեթրոլյում» եւ ԱՄՆ «Շեւրոն» նավթային ընկերությունների ղեկավարների հետ. դրանք երկուսն էլ գործում են Ադրբեջանում, ինչպես «Էքսոնե» եւ այլ օտարերկրյա կազմակերպություններ: Ադրբեջանն ու ԱՄՆ-ը շատ ընդհանուր շահեր ունեն:

Օբամայի վարչակազմը եւս Ադրբեջանի հետ հարաբերություններում կենտրոնացել է ռազմավարական խնդիրների վրա: Քաղաքական գծով տեղակալ Վիլյամ Յ. Բըրնսը երկու շաբաթ առաջ Բաքու կատարած իր այցի ժամանակ բարձր է գնահատել Ադրբեջանի ջանքերը Աֆղանստանում ԱՄՆ-ին օգնելու համար եւ քաջալերել է ԱՄՆ-ի կողմից օժանդակվող նավթատարի դերը, որն անցնում է Բաքվից դեպի Թուրքիա:

Իր խոսքում Բըրնսը խուսափել է Ադրբեջանին ուղղակիորեն քննադատելուց: Նա միայն ասել է. «Մենք հավատացած ենք, որ ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացումը, օրենքի իշխանությունը եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը դրական ազդեցություն կունենան այս երկրի ապագայի վրա»: Մինչ այդ, Ալիեւի կառավարությունը եւ նրա աջակիցները փորձում են շտկել Ադրբեջանում տիրող պատկերը` կազմակերպելով ուղեւորություններ դեպի Բաքու եւ վարձելով լոբբիներ, ովքեր կբարձրաձայնեն երկրի ձեռքբերումների մասին: Դավիթ Փլուֆը` նախագահ Օբամայի ընտրարշավի կազմակերպիչը, անցյալ տարի այցելեց Բաքու` վճարովի ելույթ ունենալու համար: Մի քանի ամիս անց եկավ նաեւ Թոնի Բլեյերը ով եւս վարձատրվեց ելույթ ունենալու համար: Փլուֆը հրաժարվեց խոսել այդ ուղեւորության մասին:

1991-ին անկախացած Ադրբեջանը տարիներ շարունակ ղեկավարվել է միեւնույն կլանի կողմից: Հեյդար Ալիեւի մահից հետո (1993 - 2003)նախագահությունը ստանձնեց նրա որդին` Իլհամ Ալիեւը:

Իշխանության երկարատեւ զավթումը Ալիեւի կլանի կողմից ստեղծել է կայունության եւ ուժի մթնոլորտ մի երկրում, որը սահմանամերձ է Իրանին եւ Ռուսաստանին:

Ալիեւի ընտանիքի դերը մեծ էր նաեւ անցած տարվա Նյու Յորքում կայացած դատավարության ժամանակ, ուր Ֆրեդերից Ա. Բուռկը` Ամերիկացի միլիոնատեր, մեղադրվում էր Ադրբեջանում կաշառք տալու մեջ: Գործը վերաբերում էր 1990 թվին Ադրբեջանական ՍՕԿԱՐ նավթային ընկերությունը գնելու անհաջող փորձին, որտեղ այն ժամանակ աշխատում էր Ալիեւը: Դատավարության ժամանակ Թոմաս Ֆարելը` Վիրջինիայի բիզնեսմեններից մեկը, ով եւս ներգրավված էր գործի մեջ, հիշատակեց բազմաթիվ անօրինական վճարումների մասին, որոնք կատարվել էին ընտանիքի համար:

Նա իր վկայության մեջ հայտնեց, թե ինչպես Հեյդար Ալիեւը` հայրը «կարգադրել էր մեզ մեծ գումարներ փոխանցել Հեյդար Ալիեւի ազգականների բանկային հաշվի համարներին»: Ֆարելը նաեւ նշել է, որ նրան կարգադրել են գումար ուղարկել Հեյդար Ալիեւի ընտանիքին` առեւտուր կատարելու համար: Այդ գումարը կազմել է 1 միլիոն դոլար: Նախագահ Ալիեւի երեք երեխաների անունով Դուբայում ձեռք բերված սեփականությունները 330 անգամ գերազանցում են նախագահի տարեկան աշխատավարձը:

Ընտանիքի որոշ անդամներ այնուամենայնիվ փող ունեն: Նախագահի ավագ դուստրը` Լեյլան, ամուսնացած է հարուստ ռուս բիզնեսմեն Էմին Ագալարովի հետ, իսկ առաջին տիկին Մեհրիբանի ընտանիքը զբաղվում է շահավետ բիզնեսով: Ագալարովը հրաժարվեց մեկնաբանություններ տալ այն հարցի վերաբերյալ արդյոք նա օգնե՞լ է իր կնոջը կամ Ալիեւի մյուս երեխաներին Դուբայում սեփականություն ձեռք բերել:

Սաբիտ Բագիրովը «ՍՕԿԱՐ»- նավթային ընկերության նախկին ղեկավարը ասաց որ ինքը չգիտի արդյոք Ալիեւներն ունե՞ն սեփականություն Դուբայում, սակայն շատ տաօրինակ կլիներ, եթե նրանք նման սեփականություն ձեռք բերեին իրենց իրական անուններով: «Նրանք դա այդպես բացահայտ չէին անի: Դա կարող է սադրանք լինել», - ասաց նա, ենթադրելով, որ այդ ռեժիմի թշնամիները կարող են շահարկել Դուբայի գործարքները` Ալիեւին ճնշելու համար: Բագիրովը հրաժարվեց մանրամասնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---