5 մարտի 2010 - 22:32 AMT
The Wall Street Journal. Ցեղասպանության մասին Կոնգրեսի բանաձեւն առաջ է բերել Թուրքիայի դժգոհությունը

ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն ընդունեց 1915 թվականի Օսմանյան կայսրության հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանության ակտ ճանաչող բանաձեւը: Վերջին պահին Օբամայի վարչակազմը փորձեց խանգարել դրան, սակայն կոնգրեսականները չզիջեցին: Արդյունքում Ամերիկայի եւ Թուրքիայի հարաբերություններում սառեցում տեղի ունեցավ: Կոնգրեսի կոմիտեի բանաձեւն ընդունվել է 23 կողմ եւ 22 դեմ ձայներով եւ ինքնին Կոնգրեսում նրան անորոշ ապագա է սպասվում: Սակայն, ամեն դեպքում ԱՄՆ-ն չի կարող խեղաթյուրել իր հարաբերությունները Թուրքիայի` Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում առանցքային դաշնակցի հետ իր հարաբերությունները: Քվեարկությունից մի քանի րոպե անց Անկարան խորհրդակցության համար հետ կանչեց Վաշինգտոնից իր դեսպանին: Ավելի վաղ Թուրքիան նման քայլ էր ձեռնարկել 2007 թվականին` դարձյալ Կոնգրեսի կոմիտեի կողմից նույնատիպ բանաձեւի ընդունումից հետո:

Քվեարկության արդյունքներն անհանգստացրին նաեւ խոշոր ամերիկյան պաշտպանական ընկերություններին, որոնց թվում` Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies եւ Northrop Grumman: Նրանք Թուրքիայում ուղղաթիռների, հրթիռների եւ F-35 կործանիչների մատակարարման նախագծեր ունեն եւ այժմ վախենում են զրկվել այդ գործարքներից:

Քվեարկությունը հեռարձակվում էր թուրքական ռադիոյի եւ հեռուստատեսության ուղիղ եթերում եւ լուրջ հարված եղավ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու` Թուրքիայի առանց այդ էլ ոչ այնքան հաջող փորձերին:

Օբամայի վարչակազմը փորձում էր կոմիտեի անդամներին բանաձեւի դեմ տրամադրել: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել էր Կոնգրեսի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ, Կալիֆոռնիայից կոնգրեսական-դեմոկրատ Հովարդ Բերմանին եւ «հասկացրել նրան, որ Կոմիտեի գործողությունները կարող են խոչընդոտել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա կարգավորմանը», հայտնեց Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերը:

Մինչեւ չորեքշաբթի օրը Օբամայի վարչակազմը փորձում էր չանդրադառնալ առաջիկա քվեարկությանը: Դա կտրուկ կոնտրաստ էր ստեղծում Բուշի եւ Քլինթոնի վարչակազմերի դիրքորոշումների հետ, որոնք բացեիբաց հանդես էին գալիս Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի դեմ: Չորեքշաբթի օրը պրն Օբաման զանգահարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, նրան շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ջանքերի համար, որոնք նա գործադրում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանի բացման մասին Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու համար, հաղորդում է Սպիտակ տունը: