6 մարտի 2010 - 11:57 AMT
Հայկական պատվիրակությունը ՏՄՊՊՀ եւ GTZ միջեւ համագործակցության շրջանակներում ուսուցողական այց է կատարելու Գերմանիա

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Արտակ Շաբոյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել` ընդունելով Գերմանիայի տեխնիկական զարգացման ընկերության (GTZ) «Մասնավոր հատվածի խթանումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ֆրենկ Թիբիթանզլին:

Հանդիպմանը ՏՄՊՊՀ նախագահը կարեւորեց միջազգային կառույցների հետ համագործակցությունը եւ հատկապես ԵՄ երկրների լավագույն փորձի կիրառումը Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավման գործում:

Թիբիթանզլը, շնորհավորելով Հանձնաժողովի նախագահին իր պաշտոնում նշանակվելու կախակցությամբ, ներկայացրեց Հանձնաժողովի եւ կազմակերպության համագործակցության ընթացքում օրենսդրական բարեփոխումների փորձագիտական աջակցության որոշ մանրամասներ, աշխատակազմի մասնագետների համար կազմակերպված ուսուցման ծարգրերը:

Ծրագրի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաեւ «Մրցակցություն, քաղաքականություն, կարգավորում եւ որակի ենթակառուցվածք» թեմայով ուսուցողական այց Գերմանիայի Դաշնություն, որտեղ կուսումնասիրվի հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային եւ կարգավորող մարմինների համագործակցության փորձը եւ կներդրվի նաեւ Հայաստանում:

Այցին նախատեսված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչի, ՀՀ Վարչական դատարանի նախագահի եւ դատավորների մասնակցությունը: