6 մարտի 2010 - 12:08 AMT
Է.Նալբանդյան. Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունումը: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ես կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր այն կոնգրեսականներին, որոնք իրենց քվեն տվեցին համամարդկային արժեքների բարձր նպատակների համար: Մեզ համար հեշտ չէր սկսել այս գործընթացն առանց թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման: Բայց մենք հայտարարեցինք, որ Հայաստանի կողմից նախապայման չէ, որպեսզի հարաբերությունները կարգավորելուց առաջ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Ընդհանրապես, նախապայմաններ կային, եւ անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ մինչեւ արձանագրությունների ստորագրումը որեւէ նախապայման չի եղել: Չեմ կարծում, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապակցելը մեղմ ասած հեռանկարային է»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Ինչպես ասել է Է. Նալբանդյանը, անկեղծ գործողը բոլոր պարագաներում շահեկան է դուրս գալիս: «Մենք գործել ենք անկեղծ, բաց, առանց հետին մտքի եւ դրան ականատես են եղել միջնորդ եւ աջակից երկրները: Մենք ասել ենք այն, ինչ արել ենք, եւ արել ենք այն, ինչ որ հայտարարել ենք: Այսինքն, եթե Թուրքիան ինչ-որ հետին մտքեր ունի, եթե այլ մոտեցում ունի, չէի ցանկանա մեկնաբանել այն հետեւանքները, որոնք կարող են լինել հենց Թուրքիայի համար` Թուրքիայի կողմից այդ գործընթացը ձախողելու դեպքում: Առնվազն Թուրքիայի հանդեպ վստահությունն աշխարհի կողմից բավական կընկնի, կնվազի: Եթե այնպես ստացվի, որ Թուրքիան գնաց այս գործընթացի ձախողման, չնայած կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ մենք ցանկանում ենք եւ ձգտում ենք, որ այս գործընթացը շարունակվի եւ հաջողությամբ պսակվի, բայց եթե այլ զարգացում ունենա, ապա Հայաստանը վատագույն դեպքում կվերադառնա 2008թ. սեպտեմբերի 6-ից առաջ, բայց միջազգային ասպարեզում իր հեղինակությունն ավելի ամրապնդած: հայ-թուրքական կարգավորման գործընթացում մենք ենք եղել նախաձեռնողը, թուրքերը պատասխանող են եղել, եւ հիմա էլ թուրքական կողմից է սպասվում արձագանքը, եւ հուսով ենք, որ այդ արձագանքը արհեստական պատրվակների զոհ չի դառնա, դրական կլինի»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: