9 մարտի 2010 - 12:05 AMT
ՎԶԵԲ-ը Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրում է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեծացնում է Հայաստանում մասնավոր բիզնեսներին տրամադրվող ֆինանսավորման մատչելիությունը` տրամադրելով Բիբլոս Բանկ Արմենիային 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում, որը Հայաստանում ՎԶԵԲ-ի ֆինանսավորման պատմության մեջ առաջին անգամ կներառի տեղական արժույթի բաղադրիչը:

Ինչպես հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամլո ծառայությունը, ՎԶԵԲ-ի այս վարկային ծրագիրը, որը հետագայում ուղղվելու է մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը, ներառում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք սինթետիկ վարկ ՀՀ դրամով, որն օգտագործվելու է տեղական բիզնեսներում ներդրումները եւ շրջանառվող կապիտալի կարիքները ֆինանսավորելու համար, ինչպես նաեւ լրացուցիչ 5 մլն ԱՄՆ դոլար` համաֆինանսավորելու հայաստանյան Բիբլոս Բանկի ավելի խոշոր ենթավարկերը:

Սինթետիկ վարկի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ դոլարով նախապես սահմանված եւ ամրագրված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքով: Այդ իսկ պատճառով, Բիբլոս Բանկ Արմենիայի վարկային պարտավորությունը տրամադրված ֆինանսավորման դրամային համարժեքն է ՀՀ դրամով: Տեղական արժույթով տրամադրվող սինթետիկ վարկը կօգնի Բիբլոս Բանկ Արմենիային նվազեցնել իր արտարժույթի փոխանակման ռիսկը, երկարեցնել տեղական արժույթով վարկավորման ժամկետը եւ ընդլայնել տեղական արժույթով տրամադրվող վարկերի պորտֆելը:

ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները հնարավորություն կտան Բիբլոս Բանկին խթանել խիստ անհրաժեշտ ֆինանսավորման մատչելիությունը երկրում առկա բիզնեսների համար, որոնք գործում են ներկայիս բարդ վարկային շուկայում:

«Այս ծրագիրը կխթանի ֆինանսական միջնորդությունը Հայաստանի բանկային ոլորտում` տեղական արժույթով նոր ֆինանսավորում բերելով երկրի իրական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները կշարունակեն նպաստել մասնավոր հատվածի զարգացմանը` անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճը խոչընդոտող մի կարեւոր հանգամանքի», - ասաց ՎԶԵԲ-ի` Միջին Ասիայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Մոնղոլիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն պրն. Մայք Թեյլորը:

«Բիբլոս Բանկ Արմենիան ողջունում է ՎԶԵԲ-ի այս ծրագիրը, որի նպատակն է համատեղ աջակցել Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր բիզնեսներին: Այն ի ցույց է դնում ՎԶԵԲ-ի` մեր բանկի կարողության եւ մեր երկրի տնտեսության հանդեպ ունեցած վստահությունը: Այս գործարքը հետագայում մեզ հնարավորություն կտա հետամուտ լինել շուկայում մեր ընդլայնման ռազմավարությանը», - ասաց պրն. Ջորջ Սֆեերը` Բիբլոս Բանկ Արմենիայի Գլխավոր Գործադիր տնօրենը:

Հայաստանում իր գործունեության ծավալման ընթացքում ՎԶԵԲ-ի ներդրումները կազմել են ավելի քան 335 միլիոն եվրո` ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտների մոտ 70 ծրագրերում:

ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 60 երկրների եւ երկու միջկառավարական հաստատությունների, ձգտում է աջակցել կենտրոնամետ պլանային տնտեսությունների անցմանը շուկայականի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում:

«Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ն «ITB» Միջազգային առեւտրային բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդն է: 2000-ի ապրիլին բանկի բաժնեմտոմսերը ձեռք են բերվել արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում մտել են Մակարիոս խմբի մեջ: 2007-ին բանկի 100 տոկոս բաժնետոմսերը ձեռք է բերել «Բիբլոս բանկ Էս.Էյ.Էլ» խոշորագույն լիբանանյան բանկերից մեկը:

Բանկի հիմնական առաքելությունն է որակյալ եւ ժամանակակից ծառայությունների տրամադրումը միջին չափի աշխատավարձի տեր մարդկանց, ինչպես նաեւ խոշոր եւ միջին օղակի գործարարներին: