9 մարտի 2010 - 15:21 AMT
ՀԱՊԿ Միավորված կենտրոնակայանի ղեկավարի նոր տեղակալն է Անատոլի Նոգովիցինը

Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների Խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ ՄԿ ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Անատոլի Նագովիցինը: Նրա թեկնածությունն առաջարկվել էր ՌԴ պաշտպանության նախարարի կողմից: Ելնելով ՀԱՊԿ Միավորված կենտրոնակայանում պաշտոնների բաշխման քվոտային սկզբունքից` կենտրոնակայանի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը պատկանում է Ռուսաստանին:

ՀԱՊԿ ՄԿ ղեկավարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Լատիպով Օլեգ Յուրյեւիչն ազատվել է պաշտոնից եւ գտնվում է ՌԴ ՊՆ Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության ղեկավարի հսկողության տակ, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար: