8 մարտի 2010 - 13:07 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր կանանց: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ դիմում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին եւ գործընկերուհիներին` առանձնահատուկ գնահատանքի ու մեծարանքի խոսք հղելով նրանց: Սրտանց եւ սիրով շնորհավորում եմ ձեզ, սիրելիԲ կանայք, գարնանային հիասքանչ տոնի կապակցությամբ»:

«Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը: Պատմության ամենածանր պահերին անգամ կանայք յուրօրինակ ապավեն են դարձել, հույս ու հավատ ներշնչել մեր ժողովրդին: Այսօր դժվար է գտնել որեւէ բնագավառ, որտեղ չզգացվի կանանց նրբաճաշակ եւ քնքուշ ներկայությունը, նրանց գործունեության աներկբա հետքը:

Հայաստանի կանայք պատվով շարունակում են կրթել, դաստիարակել, ստեղծել, ստեղծագործել, պաշտպանել ու բժշկել: Շարունակում են անվիճելի նպաստ բերել մեր արժեքները, կարելիի ու անկարելիի մասին, ընտանիքի, օջախի մասին պատկերացումներն ամրապնդելու եւ զավակներին փոխանցելու գործին: Թո՛ղ սերը, ջերմությունն ու երջանկությունը միշտ լինեն ձեր ուղեկիցը»,-ասվում է ուղերձում: