10 մարտի 2010 - 17:36 AMT
Հակոբ Հակոբյան. «Հայաստանի բնակիչների համար բարձր կենսաթոշակն իրական կդառնա 23 տարի անց»

«Ներկա պահին կառավարության նախաձեռնությամբ բանակցություններ են վարվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են օրենսգրքի ավելի քան 109 հոդվածների: Քննարկումների ընթացքում կառավարությունն ու հանձնաժողովը համաձայնության կգան, երբ ստեղծեն Հայաստանի բնակիչների սոցիալական ապահովությանը վերաբերող առավել հասանելի ու կիրառելի օրենքներ», - մարտի 10-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը գործող կենսաթոշակային համակարգը համարում է ոչ արդյունավետ, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ապահովում է մեկ թոշակառուի կենսաթոշակը, դրանով էլ սահմանափակվում է բարձր կենսաթոշակի հնարավորությունը:

«2010 թ. Հայաստանում թոշակի գումարը նույնն է լինելու ինչ-որ 2009 թ., չնայած գազի գների բարձրացմանը (4 անձի համար` 2500 դրամ): Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հետագայում թոշակառուների եւ, ընդհանրապես, Հայաստանի բնակիչների համար կյանքի ավելի լավ պայմաններ ապահովենք: Սակայն ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կլինի մի քանի տարի հետո: Մնում է լավ սպասումների հույսով ապրել», - ավարտել է իր խոսքը Հակոբ Հակոբյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ կենսաթոշակային համակարգում փոփոխություններ մտցնելը հնարավորություն է ընձեռում Հայաստանի 40 տարեկան մարդկանց 23 տարի անց բարձր կենսաթոշակ ստանալ: