10 մարտի 2010 - 19:49 AMT
Խոակին Բոգոսսյանի գոլերի շնորհիվ «Նյուէլլզ Օլդ Բոյզ»-ը 3-րդ տեղն է զբաղեցնում

Ինչպես հաղորդում է football.ua-ը, ուրուգվայահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսսյանը, որը հանդես է գալիս «Նյուէլլզ Օլդ Բոյզ»-ի կազմում, հաղթանակ է բերել իր թիմին: Նա երկու գոլ է հարվածել Արգենտինայի առաջնության առաջատար «Բանֆիլդ» թիմի դարպասներին:

Ամենայն հավանականությամբ, հաջորդ խաղաշրջանը Բոգոսսյանը կսկսի արդեն նոր ակումբում: Արգենտինական ակումբի կազմում նա խաղում է միայն վարձավճարի հիմունքներով: Նա «պատկանում է» ուրուգվայական «Սերրո»-ին:

«Բոգոսսյանը լավագույն ձեւով չսկսեց առաջնությունն ու եվրոպական անվանի ակումբների կողմից նրա հանդեպ հետաքրքրությունը նվազեց: Հաշվի առնելով այս երկու գոլերը` նա ողջ առաջնության ընթացքում երեք արդյունավետ հարված է կատարել, ինչը քիչ է ռմբարկու համարվելու համար»,- գրում է football.ua-ը:

Բացի ակումբային անորոշությունից դեռեւս հայտնի չէ, թե որ հավաքականի կազմում է հանդես գալու ուրուգվայահայ ֆուտբոլիստը: Նրան իր շարքերում ցանկանում է տեսնել Հայաստանի հավաքականը, սակայն Բոգոսսյանը, այնուամենայնիվ, ըստ երեւույթին, ցանկանում է հանդես գալ Ուրուգվայի հավաքականի կազմում: