11 մարտի 2010 - 13:49 AMT
Աշոտ Մելքոնյան. Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է

Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա, Հայաստանն այլեւս խնդիր չունի Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով: «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն պատմություն է եւ այժմ հարկավոր է մտածել եւ խոսել նրա հետեւանքների վերացման մասին: Ամենալավը մեզ համար կլինի դիմել Հաագայի Միջազգային դատարան»,-գտնում է պատմաբանը:

Պատմաբանը նշել է նաեւ, որ մինչ օրս ոչ ոք, Ռուսաստանից բացի, չի արձանագրել, որ 1915 թվականին հայերը զրկվեցին հայրենիքից, այսինքն, դատարան դիմելու համար հարկավոր է հաշվի առնել նաեւ այդ փաստը: «Մենք չենք նահանջի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, սակայն այն հարկավոր է տեղափոխել քաղաքական-իրավական դաշտ, որպեսզի կարողանանք խոսել հետեւանքների վերացման մասին: Մինչ համաշխարհային հանրության կողմից այդ փաստի ճանաչումը, հայերը խոսում էին միայն տարածքները վերադարձնելու մասին, սակայն 1965 թվականին բեկում տեղի ունեցավ գիտակցության մեջ եւ պահանջում ենք ոչ միայն տարածքներ, այլ նաեւ նյութական փոխհատուցում»,-ասել է Մելքոնյանը:

Միեւնույն ժամանակ Ա.Մելքոնյանը նշել է, որ թիվ 252 բանաձեւը քվեարկության կդրվի Կոնգրեսում: «Նախկինում, երբ չկար ոչ Իրաք, ոչ Աֆղանստան, բանաձեւը միեւնույն է չէր դրվում քվեարկության, իսկ այժմ առավել եւս: Իսկ նույնիսկ եթե կոնգրեսականները սկսեն քվեարկությունը, ապա դրական որոշում չի կայացվի: Ես գտնում եմ, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միեջւ պայմանավորվածություն կա այն մասին, որ բանաձեւն այդպես էլ կմնա կոմիտեում, իսկ փոխարենը` Թուրքիան չի վատթարացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ»,-գտնում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: