Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակմանը

Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակմանը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել հՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հանձնարարել է բոլոր նախարարներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման համար եւ համաձայնեցնել այն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթների հետ:

Դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետեւյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: Քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների մասին, որպեսզի կարողանանք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում առկա թիրախները դարձնել իրականանալի»: Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ զեկուցագրերում պետք է արտացոլվեն նաեւ այն խնդիրները, որոնք ծագել են 2009 թ. մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմանը զուգընթաց:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում բոլորը կներկայացնեն նման զեկուցագրեր, եւ նախարարների հետ առանձին-առանձին աշխատանք կկատարվի այդ ուղղությամբ:

Ինչպես ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի ձեւավորման գործընթացն արդեն մեկնարկել է եւ այն կներկայացվի ընթացիկ տարվա հուլիսին: «Միջնաժամկետ ծախսային ծրագրի պլանավորումն ընթանում է նորմալ ռեժիմով եւ մենք այս ամսվա ընթացքում արդեն կկարողանանք որոշակի նախնական արդյունքներ ներկայացնել»,-ասել է նա: Նախարարը հիշեցրել է նաեւ, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ստիպված էին դադարեցնել նրա պլանավորումը ճգնաժամի պատճառով, սակայն այս պահի դրությամբ, քանի որ կառավարությունն արդեն իսկ անցել է պետբյուջեի պլանավորման կայուն փուլ, նախարարները պետք է ուշադրություն դարձնեն կառավարության գործունեության պլանավորմանը առաջիկա երեք տարում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---