11 մարտի 2010 - 14:36 AMT
Այսօր Շվեդիայի խորհրդարանում կսկսվի Օսմանյան կայսրությունում իրագործված Ցեղասպանությունների ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Այսօր Շվեդիայի խորհրդարանում կսկսվի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության, ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների ճանաչման վերաբերյալ քվեարկությունը: Ընդդիմությունը դեմ է ճանաչմանը:

Արտգործնախարար Կարլ Բիլդտը նույնպես դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ, ըստ նրա, դա կվատթարացնի հարաբերությունները Թուրքիայի հետ: Բիլդտը նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կողմնակից է:

Ինչպես գրում են մի շարք շվեդական ԶԼՄ-ներ, մեծ է գայթակղությունը ենթադրելու, որ Շվեդիայի արտաքին քաղաքականությունը որոշվում է Անկարայում: «Շվեդիայի խորհրդարանը, ինչպես եւ ԵՄ մյուս երկրների խորհրդարններ, պետք է ճանաչեն 1915թ. Օսմանյան կայսրությունում` ժամանակակից Թուրքիայում քրիստոնյաների հանդեպ գործված վայրագությունները որպես ցեղասպանություն: Խոսքը գնում է փոքրամասնությունների եւ ժողովրդների իրավունքները հարգելու մասին` սեփական կրոնը դավանելու, ամենատարրական իրավունքների մասին»,-գտնում են շվեդական թերթերը:

Շվեդիայում բնակվում են հազարավոր հայեր, սիրիացիներ, ասորիներ եւ հույներ, որոնք ցեղասպանության զոհեր են եւ նրանք չեն հասկանա խորհրդարանի դիրքորոշումը, եթե ցեղասպանությունը չճանաչվի: