11 մարտի 2010 - 16:12 AMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այս մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» 73-րդ «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին�ու նորմերին�համապատասխան: Մանավանդ որ, հիշեցնենք, 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ընդունվել է�«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւը, որի համահեղինակ երկրների թվում են նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը եւ կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել դրա ոտնահարման դեպքերին»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում:

Ինչպես նշել է Հ.Աբրահամյանը, Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին եւ համոզված է, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ բաժանարար գծերի հաղթահարմանը մեծապես կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության զարգացումը, ընդհանուր շահերի ու մտահոգությունների վրա հիմնված փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը, ինչը բոլոր կողմերից կպահանջի միասնական ջանքերի գործադրում ու քաղաքական կամքի դրսեւորում:

«Տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը կնպաստի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը մենք դիտարկում ենք առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք ներկայումս սպասում են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ կլինի հիշյալ արձանագրությունների վավերացմանն այն ժամանակ, երբ այդ փաստաթղթերը կքննարկվեն եւ կվավերացվեն Թուրքիայի Մեծ ժողովի կողմից»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: