11 մարտի 2010 - 16:52 AMT
Թուրքիային չի հուզում իր միջազգային իմիջը

Թուրքիան դեռեւս նույնացնում է իրեն Օսմանյան կայսրության հետ, քանի որ շարունակում է խոսել սպառնալիքի եւ ուժի դիրքերից: Դրա վառ օրինակն էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի դեսպանին ԱՄՆ-ից հետ կանչելը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ի պատասխան բոլոր հայտարարություններին այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման ձախողման դեպքում Թուրքիայի միջազգային վարկանիշը կտրուկ կընկնի, Մելքոնյանը հայտնեց, որ Կիպրոսի օկուպացումից հետո Թուրքիային այդ հարցերը չեն հուզում: «Իսկ հայկական կողմին չպետք է հուզի միջազգային իմիջը, երբ հարցը վերաբերում է իր ազգային շահերին»,- նշեց նա:

Դրա հետ մեկտեղ պատմաբանը նկատեց, որ ինքնին Թուրքիայի ներսում շատ խնդիրներ կան, որոնց թվում հիմնական տեղը հատկացվում է քրդական գործոնին: «Թուրքիան այժմ ժողովրդագրական խնդրի առջեւ է կանգնած, քանի որ քրդական բնակչությունը բավական մեծ թիվ է կազմում ոչ միայն երկրի գավառներում, այլեւ Անկարայում ու Ստամբուլում»,- ընդգծեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը:

Մելքոնյանի խոսքով, ստեղծված իրադրությունից Թուրքիան երկու ելք ունի` ինտեգրում Եվրոպայի հետ կամ կողմնորոշում դեպի արմատական իսլամ: «Թե մի, եւ թե մյուս դեպքում քրդական հիմնախնդրին անհնար է հեշտ լուծում տալ»,- ընդգծեց պատմաբանը: