11 մարտի 2010 - 16:59 AMT
ՀՀ փոխվարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիսի տարածաշրջանում, որտեղ հանրապետական նշանակության ճանապարհը տուժել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով: Այդ մասին հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Լճի մակարդակի բարձրացման հետեւանքով Կարճաղբյուր համայնքի մոտ գտնվող հանրապետական նշանակության ճանապարհի շահագործումը վտանգված է: Փոխվարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը եւ առաջարկություններ ներկայացնել` նշված հատվածի անխափան շահագործումն ապահովելու համար: Մարզպետի առաջարկությամբ կուսումնասիրվի նաեւ Կալան- Դպրաբակ ճանապարհահատվածը, որի գործարկումը եւս վտանգված է, եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն առաջարկություններ կներկայացնի նաեւ այս հատվածի վերաբերյալ:

Այնուհետեւ փոխվարչապետը ծանոթացավ Լճաշենի հատվածում վերակառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին, որի համար միջոցներ են նախատեսված 2010թ. պետբյուջեում:

ՀՀ փոխվարչապետը Սեւանի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` Սեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս փոխվարչապետին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները: Մասնավորապես բարձրացվեց հողերի առաջին սեփականաշնորհման ժամանակ գրանցումներում առկա անճշտությունների խնդիրը: Ա. Գեւորգյանը նշեց, որ այն բնորոշ է հանրապետության բոլոր մարզերին, եւ այդ ուղղությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում արդեն ձեւավորված է աշխատանքային խումբ, որը 2009թ. ընթացքում գույքագրել է նմանատիպ խնդիրները: Փոխվարչապետը խոստացավ, որ առաջիկայում խնդիրը կքննարկվի ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ` վերջնական լուծումներ գտնելու նպատակով:

Քննարկվեցին նաեւ «Սեւան» ազգային պարկի սահմաններում գտնվող հողերի կարգավիճակին առնչվող հարցեր: