11 մարտի 2010 - 17:39 AMT
ՀԿԵՈւ-ն շահագործման նոր մոդուլ է գործարկել

2010թ. մարտի 11-ին Դալարիկ կայարանում տեղի ունեցավ շահագործման նոր մոդուլի եւ կայարանի վերանորոգված շենքի բացումը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը եւ Հայաստանի Արմավիրի մարզի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ինչպես նաեւ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հյուրերին ներկայացվել է շահագործման նոր մոդուլը, որը թույլ է տալիս իրականացնել երկաթուղու տեխնիկական գործընթացների օպերատիվ կառավարում: Կայարանի շենքը, որն այրվել էր 2006թ., վերանորոգվեց սեղմ ժամկետում եւ այժմ կարող է գործել:

«Մոդուլը թույլ կտա բարձրացնել բեռնափոխադրումների հոսքերը եւ Դալարիկ կայարանով անցնելու արագությունը: Բացի այդ, այս հատվածում զգալի ներդրումներ են արվելու»,-ասել է Շայդուլինը:

Իր հերթին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասել է, որ բացի ուղեւորափոխադրումներից, երկաթուղային տրանսպորտը պտուղ-բանջարեղենը շուկա հասնցնելու հիմնական միջոցն է: Նա նշել է,որ պետությունը դրական է գնահատում եւ ողջունում է ՀԿԵՈւ կատարած աշխատանքը:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Դալարիկ կայարանի աշխատակիցների պարգեւատրում` շահագործման կենտրոնի վերականգնման եւ արդիականացմանն ուղղված աշխատանքերը որակով եւ ժամանակին կատարելու համար: