11 մարտի 2010 - 19:19 AMT
Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ քաղաքական նպատակներ չի հետապնդում

Հայաստանի անվտանգությանը վերաբերող ռազմական եւ ռազմաքաղաքական հիմնական գործընթացներն են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ ռազմաքաղաքական հակասությունների առկայությունը տարածաշրջանում եւ միջազգային կազմակերպությունների տարածաշրջանային քաղաքականությունը: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Rod 73-րդ «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով սեմինարում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, Հայաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականությունն ուղղված են հարեւան երկրների հետ իրավահավասար եւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: «Այս համատեքստում Հայաստանը հատկապես կարեւորում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կառուցողական դերը տարածաշրջանում, ուստի ձգտում է բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել այդ կառույցների հետ»,-ասել է Օհանյանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` Օհանյանն ասել է, որ անկախացումից ի վեր, ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը եղել է եվրաինտեգրումը: «Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ առանցքային նշանակություն ունեն մեզ համար»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը` հավելելով, որ այս հարցը հայեցակարգային դիտարկման կարիք ունի, քանի որ ենթադրում է եվրաինտեգրման գործընթացներն ուղղել կայունության հաստատմանը տարածաշրջանում, ինչը թույլ կտա հանգուցալուծել Հարավային Կովկասի հակամարտությունները: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանը կողմ է ԵՄ դերի բարձրացմանը տարածաշրջանում:

«Ռազմական համագործակցության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ծածկում է այն բացերը, որ առկա են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում` անվտանգության ոլորտում:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը` Օհանյանն ասել է, որ ՆԱՏՕ-ն կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում: «Մենք շահագրգիռ ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու գործում: Մենք ցանկանում ենք կիրառել ՆԱՏՕ-ի փորձը զինված ուժերի զարգացման համար եւ ստեղծել համագործակցության մեխանիզմներ», ասել է Օհանյանը` հավելելով, որ Ֆրանսիա կատարած իր վերջին այցի ժամանակ նա առաջարկեց համագործակցել նաեւ Ադրբեջանի հետ, ինչը թույլ կտա առավել բարձր մակարդակի վրա դնել անվտանգության հարցերը:

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի բարձրագույն եւ ռազմական իշխանությունները դժգոհ են Հարավային Կովկասում առկա սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունից: Ըստ նրա, երկիրը չի մասնակցում այդ մրցավազքին:

«Քանակական առավելությունը դեռ որակ չի տալիս» -ասել է Օհանյանը` հավելելով, որ քանակական գերազանցությանը Հայաստանը հակադրում է ռազմական կրթության որակը, բանակի մարտունակության ամրապնդումն ու ամուր մարտական ոգին: