11 մարտի 2010 - 19:36 AMT
Գրիգոլ Տաբատաձե. «Սուրբ Նշան եկեղեցին անպայման վերականգնվելու է»

Սուրբ Նշան եկեղեցին անպայման վերականգնվելու է: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն: Նրա խոսքերի համաձայն, եկեղեցու վերականգնման հարցը քննարկվել է դեռեւս հունվարին, երբ տեղի ունեցավ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Ես գիտեմ, որ արդեն տարվում են ֆինանսավորման եւ հաշվետվական աշխատանքներ, որոնց մասին շուտով կտեղեկանա նա նաեւ հայկական կողմը», - ասել է Տաբատաձեն: Ընդ որում, նա նշել է, որ հայկական եկեղեցիների վերականգնման հարցում Վրաստանի անտարբերության մասին տեղեկությունները իրականությանը չեմ համապատասխանում. «Այս տարի վերականգնվել է մի եկեղեցի, որտեղ արդեն առաջին պատարագն է կատարվել»:

Նա նաեւ ասել է, որ Վրաստանի Կաթողիկոսը Վրաստան է հրավիրել Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Դեսպանը նշել է, որ Վրաստանում իրականացվում է «Հին Թիֆլիս, նոր կյանք» ծրագիրը: Այս ծրագրի կատարման համար տրամադրվելու է ավելի քան հարյուր միլիոն դոլար: «Ծրագրի շրջանակներում վերականգնվելու են Թբիլիսիի այն շրջանները, որտեղ ապրել են վրացիներ եւ հայեր», - ասել է Հայաստանում Վրաստանի դեսպանը` ավելացնելով, որ վերականգնվելու են անեւ հայկական եկեղեցիներ, տներ եւ թանգարաններ:

Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակին անդրադառնալով, Տաբատաձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանում աշխատանքներ են տարվում «Կրոնի մասին» օրենքի շուրջ: