11 մարտի 2010 - 21:06 AMT
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը վստահ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման պահը հասունացել է

Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նրանց այցը Հարավային Կովկասի երկրներ եւ համոզմունք հայտնեց, որ նրանք հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ առկա խնդիրներին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության գործընթացում, նշելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ հետ, եւ ընդգծեց կազմակերպության աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Ժոաո Սոարեշը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանում առաջին անգամ հյուրընկալվելու համար եւ, իբրեւ պորտուգալացի, հայտնեց, որ երախտապարտ են հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը ընդգծեց ՀՀ ԱԺ պատվիրակության կարեւոր մասնակցությունը խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի հարցը լուծվի, Ժոաո Սոարեշը ասաց, որ այդ հարցում բավական խիզախություն է պահանջվում, եւ պահն է, որ լուծումներ գտնվեն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադության կենտրոնում պահելու փաստը եւ Գորան Լենմարկերի դերակատարությունն այդ գործընթացում, նախ նշեց, որ մեր երկրի Նախագահը տարածաշրջանային խնդիրները, հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է նախաձեռնել, եւ այդ հարցում նա ունի խորհրդարանի աջակցությունը: ԱԺ նախագահի համոզմամբ` ԼՂ հարցը պիտի լուծվի խաղաղ, բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:«Մեզ համար ամենակարեւորը ԼՂ կարգավիճակն ու ԼՂ ժողովրդի անվտանգությունն են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է, եւ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, իսկ այդ երկիրը ստորագրված արձանագրությունների վավերացումը կապում է ԼՂ հիմնահարցի հետ, մինչդեռ դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ: «Մենք արձանագրությունները կվավերացնենք այն ժամանակ, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով երկրում ժողովրդավարության կայացման գործընթացում խորհրդարանի դերին` ԱԺ նախագահը նշեց, որ այն դարձել է թափանցիկ, բազմակարծության ամբիոն, որտեղ խորհրդարան այցելությունների, կազմակերպվող տարբեր քննարկումների, խորհրդարանական լսումների միջոցով իրենց կարծիքը կարող են հայտնել հասարակության տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հաղորդում է ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: