
Ադրբեջանը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք: Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու եւ հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները»,- ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանի խոսքով, պատերազմը երբեք ցանկալի չէ եւ պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ: «Միեւնույն ժամանակ մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը: