12 մարտի 2010 - 13:40 AMT
Հայ-լեհական հարաբերություններում համագործակցության նոր էջ է բացվում

Հայ-լեհական հարաբերություններում համագործակցության նոր էջ է բացվում, 2010-ի մարտի 12-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Լեհ վարչապետի այցը շատ հաճելի է. մի կողմից մենք քննարկել ենք երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումը, մյուս կողմից կողմերը հստակեցրել են առաջնությունները, որոնք խոր արմատներ ունեն հայ-լեհական հարաբերությունների խորացման համար»,- նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նա նաեւ հայտնեց, որ արդեն տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում, որի արդյունքներով ստորագրվել է համաձայնագիր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության մասին: «Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների պահպանման համար եւ մեր երկրների մասնավոր հատվածին աջակցելու համար»,- նշել է նա: Այդ նպատակով ստեղծվելու է միջկառավարական հանձնաժողով, որը զբաղվելու է տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում համագործակցության հարցերով, ձեռք են բերվել նաեւ կոնկրետ բիզնես-նախագծերի վերաբերյալ համաձայնություններ, որոնք նույնպես գտնվում են միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Իր հերթին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հաղորդեց, որ սա նրա առաջին այցն է Հայաստան եւ ավելացրեց, որ «սա երկու բարեկամական երկրների միջեւ նեղ համագործակցության ոչ թե վերջն է, այլ սկիզբը ոչ միայն պետական, այլ նաեւ հասարակական մակարդակում»: Նա նաեւ նշեց, որ պաշտոնական հանդիպման ընթացքում հայ գործընկերոջ հետ նշվել են երկու ժողովուրդների միջեւ պատմական կապերը: «Այդ պատմական կապերը իրենցից ներկայացնում են ոչ միայն պատմական, այլ նաեւ քաղաքական կապիտալ»:

Դոնալդ Տուսկը նաեւ ավելացրեց, որ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունի փոխվստահություն, ինչը հիմք է հանդիսացել Հայաստան-ԵՄ համագործակցության համար: