12 մարտի 2010 - 14:39 AMT
Միջազգային իրավիճակը բարենպաստ դաշտ է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Ընդհանուր միջազգաին իրավիճակն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բարենպաստ դաշտ են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը: «Անկասկած, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման համար, սակայն Անկարան չի գնա հարաբերությունների հաստատման եւ չի բացի Երեւանի հետ սահմանն Ադրբեջանի հաշվին: Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ միայն Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումից հետո»,-հայտարարել է փորձագետը:

Ըստ նրա, ստատուս-կվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի վտանգավոր է, քան իրավիճակի աստիճանական եւ կանխատեսելի փոփոխումը: Հուսեյնովը գտնում է, որ կողմերը պետք է օգտագործեն բարենպաստ միջազգային իրավիճակը եւ հակամարտության հանգուցալուծման հասնեն առաջիկա ամիսներին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: