12 մարտի 2010 - 16:27 AMT
AKP. Եթե մինչեւ ապրիլ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց չլինի, Արձանագրությունները չեն վավերացվի

Թուրքիան իսկապես ցանկանում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց գտնում է, որ նման բան չի կարող տեղի ունենալ, եթե ղարաբաղյան հակամարտության մեջ ոչ մի փոփոխություն չլինի: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի Rose Roth 73 սեմինարում հայտնեց Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) արտաքին հարաբերությունների համար պատասխանատու, խորհրդարանի պատգամավոր Սուաթ Քինիքլիօղլուն:

«Մենք հարմար եւ ճիշտ պահի ենք սպասում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները վավերացնելու համար: Սակայն Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը, որը հղում է անում Անկախության հռչակագրին, որում էլ իր հերթին խոսվում է Արեւմտյան Հայաստանի մասին, սպառնալիքի տակ դրեց Արձանագրությունների ճակատագիրը»,- ասաց թուրք խորհրդարանականը: Նա հաղորդեց, որ Թուրքիան Շվեյցարիային է դիմել, որպեսզի Բեռնը իրավաբանական եզրակացություն տա ՀՀ ՍԴ որոշման վերաբերյալ:

Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Սուաթ Քինիքլիօղլուն հայտնեց, որ նման բանաձեւերը ոչ թե նպաստում, այլ ավելի շուտ վնասում են հայ-թուրքական գործընթացին եւ սպառնալիքի տակ դնում ստորագրված Արձանագրությունները:

«Այժմ գործընթացը բարդ փուլում է: Եթե անգամ Թուրքիայի վարչապետը հավաքի AKP բոլոր անդամներին եւ նրանց ասի, թե ցանկանում է, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն, Թուրքիայի խորհրդարանը չի կարողանա անել դա: Այժմ մեր երկրում տիրող քաղաքական մթնոլորտը մեզ թույլ չի տալիս վավերացնել Արձանագրությունները»,- հայտնեց AKP անդամը:

Մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) Անկարայի կողմից Արձանագրությունների վավերացման վերջնաժամկետն է, Սուաթ Քինիքլիօղլուն ասաց, որ եթե մինչեւ ապրիլ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց չլինի, Արձանագրությունները չեն վավերացվի: