12 մարտի 2010 - 17:36 AMT
Զարուհի Պետրոսյան. «Գարնան ամիսներին ջերմաստիճանը նորմային մոտ է լինելու»

Այս տարվա տաք ձմեռն աննախադեպ չէր: Ավելի տաք են եղել 1963թ. եւ 1966թ. ձմեռը: Տաք ձմեռներ են նկատվել նաեւ 90-ականների վերջին եւ 2000-ի սկզբներին», - մարտի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայպետհիդրոմետի տնօրեն Համլետ Գեւորգյանը: Նրա խոսքերի համաձայն, այս տարի փետրվարի 5-6-ին ջերմաստիճանն ավելի բարձր էր 2009 թ. փետրվարի ջերմաստիճանից:

«Գարնան ամիսներին ջերմաստիճանը մոտ է լինելու նորմային: Մարտի 16-ից սկսած Հայաստանում նկատելի կլինի ջերմաստիճանի իջեցում. իսկ մարտի 20-ին մոտ 4 աստիճանով կիջնի», - հայտնել է Հայպետհիդրոմետ օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

Նա նաեւ նշել է, որ ավելի ճշգրիտ կանխատեսումներ են արվում սպասվող հինգ օրերի համար, այդ պատճառով կանխատեսման մեջ կլինեն աննշան շեղումներ: Մոտակա օրերին օդերեւութաբանները կանխատեսում են տեղումներ, դրանք կուժեղանան մարտի 15-ին: Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ հարթավայրերում` անձրեւի:

Այս տարին ռեկորդային է մեկ այլ հարցում. Արմավիրի մարզում արդեն ծաղկել են ծիրանի 10 ծառեր: Դա վերջին 20 տարիների ընթացքում ամենավաղ ծաղկունքն է: «Մինչեւ ապրիլի վերջ ծառերի ծաղկունքը վտանգի տակ է, քանի որ մինչ այդ հնարավոր է ցրտահարություն, թեեւ դեռեւս նման բան չենք կանխատեսել», - ընդգծել է Զարուհի Պետրոսյանը: Նա ավելացրել է նաեւ, որ 2002-2009 թթ. ապրիլին ցրտահարություններ են եղել, դրանցից ամենաուժեղը 2004 թ. ապրիլի 6-10-ին է եղել` -10 աստիճան:

Զ. Պետրոսյանը նշել է նաեւ, որ Արաքս եւ Քուռ գետերի ջրի մակարդակը բարձրանում է նորմայից մի քիչ ավելի, ինչը նույնպես տաք ձմռան հետեւանք է: