12 մարտի 2010 - 20:38 AMT
Հիլարի Քլինթոնը Հայաստանի նախագահին Վաշինգտոն է հրավիրել

Մարտի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը: