Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին նոր մեղադրանքներ են ներկայացվել

PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ 2005թ. հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի եւ նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Ժդանովական-Բավրա անցակետի մոտ տեղի ունեցած ջավախահայության բողոքի ցույցի առնչությամբ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Եկիր» միության մամլո հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. «Դրա մասին Վահագն Չախալյանին եւ նրա փաստաբաններին մարտի 11-ին տեղեկացրեցին ջավախահայ քաղաքական գործչին հարցաքննելու նպատակով Ռուսթավիի խիստ ռեժիմի գաղութ ժամանած Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների ոստիկանության քննիչներ Սպարտակ Խեչոյանը եւ Գեւորգ Քսպեյանը: Որպես հիմք քրեական գործի հարուցման համար քննիչները մատնանշեցին Վահագն Չախալյանի վերջերս լույս տեսած «Բանտային-քաղաքական գրառումներ» գրքույկը: Այդ գրքույկում Ախալքալաքի ոստիկանությանն, իբր, հաջողվել է ,հայտնաբերել այնպիսի ապացույցներ, որոնք թույլ են տալիս 2005թ. հարուցված քրեական գործերով հինգ տարի անց՝ 2010թ., նոր մեղադրանքներ առաջադրել արդեն իսկ 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ»:

«Երկիր» միությունը խստիվ դատապարտում է վրաց իշխանությունների կողմից իրենց մանկլավիկ՝ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի միջոցով Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հալածանքի այս նոր դրսեւորումը: Սրանով վրացական իշխանությունները հերթական անգամ մերկացնում են այն դրդապատճառները, որոնք ընկած են Վահագն Չախալյանի դեմ ընթացող խայտառակ դատավարության հիմքում: Ակնհայտ է, որ ջավախահայ քաղաքական գործչի դեմ ուղղված այս նոր գործողությունը Վրաստանում մայիսի 30-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին ջավախահայության ահաբեկման շղթայի օղակներից մեկն է:

«Երկիր» միությունը, ավելի քան երբեք մտահոգ լինելով ընտրություններին նախորդող այս ժամանակահատվածում Ջավախքում ընթացող գործընթացներով, հայտարարում է, որ հետեւողականորեն շարունակելու է իր պայքարը ջավախահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատությանը եւ ջավախահայության իրավունքների իրացմանը հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---