Լեւոն Արոնյանը «Ամբերի» մրցաշարում իր ելույթները պարտությամբ է սկսել

Լեւոն Արոնյանը «Ամբերի» մրցաշարում իր ելույթները պարտությամբ է սկսել

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Նիցցա քաղաքում (Ֆրանսիա) «Ամբեր» մրցաշարում սկսել է արագ շախմատի եւ կույր շախմատի ելույթները:

Կույր շախմատի առաջին փուլում Արոնյանը խաղացել է Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան) եւ պարտվել , իսկ արագ շախմատի խաղում հաղթել է ռուս գորսմայստերին:

Կույր շախմատի 2-րդ փուլում Արոնյանը կրկին պարտվեց, նրա մրցակիցն էր Մագնուս Կարլսենը (Նովեգիա), որը հաղթեց Արոնյանին նաեւ արագ շախմատի պարտիայում:

3-րդ փուլում Արոնյանի մրցակիցն է լինելու Յան Սմիթսը (Հոլանդիա):

Այսպիսով, արագ շախմատի եւ կույր շախմատի երկու փուլերից հետո Արոնյանը 1 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը: Մրցաշարի առաջնորդներն են ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը եւ Ռուսլան Պոնոմարյովը, որոնք ունեն 3-ական միավոր:

Մրցաշարին մասնակցում են նաեւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վուգար Գաշիմովը (Ադրբեջան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) եւ Լենյեր Դոմինգեսը (Կուբա):

Արագ շախմատ (ռապիդ) . շախմատային պարտիա մտածելու ժամանակի արագացված սահմանափակմամբ (որպես կանոն 15 րոպե յուրաքանչյուրին ամբողջ պարտիայի համար):

Կույր շախմատ շախմատի տարբերակ, որում խաղացողը չի նայում խաղատախտակին: Եթե երկու խաղացողն էլ խաղում են առանց տախտակին նայելու, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը ֆիգուրները տեղափոխում է կամ գրանցում է քայլերը:

Լեւոն Արոնյան

Լեւոն Արոնյանը հայ շախմատիստ է, գրոսմայստեր, շախմատի 2005թ. աշխարհի գավաթակիր: ՀՀ հավաքականի կազմում դարձել է Տուրինում Շախմատի 37-րդ Օլիմպիադայի (2006) եւ Դրեզդենում 38-րդ Օլիմպիադայի (2008) չեմպիոն: 2006-ին հաղթել է Լինարեսի մրցաշարում, 2007-2008-ին Վեյք-ան Զեե-ի մրցաշարում: ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող է: Արոնյանը տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող է: 2006-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2008-ին` «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի մեդալով: Արոնյանը համարվում է ժամանակակից շախմատի ամենավառ եւ ինքնատիպ խաղացողներից մեկը, արագ խաղի, բլիցի եւ Ֆիշերի շախմատի ճանաչված վարպետ է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---