15 մարտի 2010 - 16:13 AMT
Սերգեյ Կապինոս. ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են համաձայնության հիման վրա

ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են համաձայնության հիման վրա, եթե անգամ ԵԱՀԿ մեկ անդամ պետություն դեմ է որոշմանը, այն չի ընդունվում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը` մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքներն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է ռազմական ճանապարհով լուծվել: Ընդ որում, նա անիրական է համարել Բաքվի հայտարարությունների առիթով որեւէ պատժամիջոցների կիրառումը:

«ԵԱՀԿ որոշումները կրում են ոչ թե իրավական պարտադրող, այլ քաղաքական բնույթ, ուստի այդ կապակցությամբ որեւէ պատժամիջոցների մասին խոսելն անիրական է: Դա ԵԱՀԿ մեթոդը չէ, քանի որ պատժամիջոցները ծայրահող միջոց է, որը հաճախ հակառակ արդյունքի է հանգեցնում»,- հայտնեց Կապինոսը: Նրա խոսքով, կազմակերպության մեթոդներն են բանակցությունները, փաստարկները, ազդեցությունը գործընթացների վրա:

Անդրադառնալով ԼՂՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է իրավական հարթության վրա լուծվել, Կապինոսն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի էր լուծել` բողոքարկելով միայն իրավական հասկացությունները, բայց դրա համար հարկավոր է դատական ատյան դիմել: «Գոյություն ունի ԵԱՀԿ առընթեր Իրավարարական դատարան, սակայն այդ դատարան կարող են գործեր ներկայացվել միայն Իրավարարական դատարանի անդամների կողմից, իսկ Ադրբեջանը դրա անդամը չէ»,- ասաց Կապինոսը` ավելացնելով, որ հարցը կարող է քննարկվել նաեւ ոչ ԵԱՀԿ համատեքստում, օրինակ` Կոպենհագենի միջազգային դատարանում: «Այդ առումով առայժմ ոչ մի հայտ չի ներկայացվել»,- ասաց Սերգեյ Կապինոսը` ավելացնելով, որ հակամարտությունների կարգավորման համար ավելի լավ է հին փորձված միջոցներ կիրառել: