15 մարտի 2010 - 17:57 AMT
«Արմենթել»-ը նվազեցրել է Ռուսաստան, Կանադա — ԱՄՆ զանգերի սակագինը

«Արմենթել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Ռուսաստան, Կանադա եւ ԱՄՆ զանգերի սակագների իջեցման մասին «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակում: PanARMENIAN.Net-ին «Արմենթել»-ի մամլո ծառայությունից հաղորդել են, որ մարտի 15-ից Կանադայի եւ ԱՄՆ-ի ֆիքսված ու բջջային ցանցի համարներին ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 13.99 դրամ է` նախկին 24 դրամի փոխարեն, իսկ Ռուսաստանի` (բացի Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից) 29.99 դրամ` նախկին 49 դրամի փոխարեն: Դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 24 դրամ է:

«Միջազգային զանգերի սակագների նվազեցումը մեր ընկերության արդյունավետ սակագնային քաղաքականության արդյունքն է, որը հնարավոր է դարձնում մատչելի ու որակյալ շփումը ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,- նշեց «Արմենթել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հայերի աշխարհ» ծառայությունը թույլ է տալիս թե' ֆիքսված, թե' շարժական կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին զանգահարել աշխարհի բոլոր երկրներ ինտերնետ-հեռախոսակապի (VoIP) սակագներով` առանց նախապես քարտ գնելու: Միջազգային զանգ կատարելու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել *88* (00) (երկրի կոդ) (քաղաքի կոդ) (բաժանորդի հեռախոսահամար): «Հայերի աշխարհ» ծառայության միջոցով իրականացված միջազգային զանգերի հաշիվն ընդգրկվելու է բաժանորդին ներկայացվող հեռախոսային ընդհանուր հաշվում: Բաժանորդի ցանկության դեպքում, կարող է ներկայացվել զանգերի վերծանում, որտեղ «Հայերի աշխարհ» ծառայության միջոցով իրականացված զանգերը կներկայացվեն առանձին: