15 մարտի 2010 - 19:12 AMT
Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Վարչապետը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

Կառավարության ղեկավարը կարեւորել է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:

Անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված Իսրայելի հետ համագործակցության խորացմամբ եւ ընդլայնմամբ: Փոխադարձաբար կարեւորվել են փորձի փոխանակումը գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի ու սփյուռքի ոլորտներում եւ համատեղ ծրագրերի մշակումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում: