15 մարտի 2010 - 19:24 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում բավական ակտիվ է գործում

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մարտի 15-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով 2009 թվականին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում բավական ակտիվ է գործել, արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ, եւ այդ մասին հայտարարել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: «ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում ստեղծվել են ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները, Ղազախստանում կայացել են առաջին զորավարժությունները, որոնց մասնակցել են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարարության համապատասխան ստորաբաժանումները»,- նշել է ԱԱԽ քարտուղարը:

Բաղդասարյանը կարեւորել է շուրջ 10 տարի քննարկվող հարցի լուծումը` քաղաքական որոշման արդյունքում այսուհետ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի դեմ ագրեսիան ընդունվում է որպես ՀԱՊԿ-ի դեմ ագրեսիա: «Սա Հայաստանի անվտանգության ապահովման առումով բացառիկ կարեւոր նշանակություն ունի, ուստի անհրաժեշտ է շարունակել ջանքերը նորմատիվ-իրավական բազան կատարելագործելու եւ ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ»,- ընդգծել է նա:

Երրորդ կարեւոր ձեռքբերումը, ըստ Բաղդասարյանի, տեղեկատվական անվտանգության միասնական համակարգի ձեւավորումն է ՀԱՊԿ շրջանակում: Արդյունքում` տեղեկատվական անվտանգության ոլորտում իրականացվում են «Պրոքսի» կոչվող հատուկ միջոցառումները, արձանագրվում են լավ արդյունքներ:

Արթուր Բաղդասարյանը նաեւ մատնանշել է 2010 թվականի գլխավոր խնդիրները` ռազմատեխնիկական եւ ռազմաարդյունաբերական համագործակցության ակտիվացում ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ, ակտիվ մասնակցություն «Կանալ», «Նելեգալ», «Պրոքսի» միջոցառումներին:

Նիստի ընթացքում պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հաղորդում են ներկայացրել 2009 թվականին ՀԱՊԿ շրջանակում իրականացված աշխատանքների մասին, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: