Եվրոպայի հայկական դաշնությունը (EAFJD) ողջունում է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Այս մասին գրված է PanARMENIAN.Net-ին ուղարկված EAFJD հայտարարության մեջ:
«Հայերի հետ միասին ասորիները եւ պոնտացի հույները նույնպես թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության զոհ են դարձել: Մենք շնորհավորում ենք ասորի եւ պոնտացի հույներին եւ արժանին ենք մատուցում Շվեդիայի խորհրդարանի այն անդամներին` խիզախության համար, որ չենթարկվեցին թուրքական լոբբիի ճնշմանը», - հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը:
Նրա խոսքերի համաձայն, թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունները ստորագրելով, փորձում էր հասարակական կարծիք ձեւավորել` հույսեր փայփայելով դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, սակայն այս դիրքորոշումը անտանելի դարձավ` պատմական արդարության հասնելու ձգտման ճանապարհին:
EAFJD-ը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը Անկարայի հանդեպ այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որը լիարժեքորեն համահունչ լինի Հայոց ցեղասպանության մասին երկրի խորհրդարանի ընդունած բանաձեւին:
Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերությամբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի, ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունը: