16 մարտի 2010 - 15:43 AMT
Եռօրյա այցով Հայաստան է այցելել համայն Ռուսիայի եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը

«Զվարթնոց» օդանավակայանում համայն Ռուսիայի եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլին դիմավորել են ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ առաքելական եկեղեցու 12 եպիսկոպոսներ, գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենիայի, Ղազախստանի, Լիտվայի դեսպանները:

Օդանավակայանից պատրիարք Կիրիլը ճանապարհվել է Մայր աթոռ սբ Էջմիածին, որտեղ, ինչպես հաղորդում են Մայր աթոռ սբ Էջմիածնի մամլո ծառայությունից, տեղի կունենա ամենայն Ռուսիայի եկեղեցու առաջնորդի ողջույնի հանդիսավոր արարողությունը: Արարողության ժամանակ Մայր աթոռ սբ Էջմիածնի տաճարում տեղի կունենա Հայ Առաքելական եկեղեցու սբ Գրիգոր Լուսավորչի բարեբեր աջի բերման արարողությունը:

Այնուհետեւ պատրիարք Կիրիլը պսակ կդնի 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Էջմիածնի համար Օշականում զոհված ռուս զինվորների հուշարձանին: Երեկոյան պատվիրակությունը ներկա է գտնվելու «Էջմիածին» երիտասարդների տանը տեղի ունենալիք համերգային ծրագրին:

Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր նստավայրում կստորագրվի Սերգիեւ Պոսադ եւ Էջմիածին հոգեւոր կենտրոն քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր: