Վաշինգտոնը կրկին ահազանգում է Անկարային Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու համար

Վաշինգտոնը կրկին ահազանգում է Անկարային Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին Արձանագրությունների վավերացումը, որը կհանգեցնի դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն եւ սահմանը բացելուն, պատմական քայլ կդառնա եւ կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական բարգավաճման հաստատմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: «Մենք բարձր ենք գնահատում ջանքերը, որոնք գործադրվել են այս ուղղությամբ եւ կոչ ենք անում երկու կողմերին առանց նախապայմանների եւ շուտափույթ կերպով վավերացնել Արձանագրությունները: Այդ մասին նախագահ Օբաման ասել է նաեւ իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին երկու շաբաթ առաջ հեռախոսազրույցի ընթացում»,- ասել է Գորդոնը: Նա ավելացրել է, որ հայ-թուրքական գործընթացում ընդգրկված բոլոր խաղացողները պետք է նպաստեն դրա առաջընթացին:

Անդրադառնալով վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւին` Ֆիլիպ Գորդոնը, մեջբերելով նախագահ Օբամայի հայտարարությունները, ասաց, որ ԱՄՆ-ը նախկինի նման շահագրգռված է փաստերի լիարժեք, բաց եւ ճշմարիտ ճանաչման մեջ` կապված «1915-ի դեպքերի հետ»: «Այս առումով լավագույն ճանապարհն այն է, որ հայ եւ թուրք ժողովուրդներն իրենք լուծեն իրենց պատմությունը եւ դա պետք է նրանց ջանքերի մասը դառնա խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու գործում»,- ասել է Գորդոնը, ավելացնելով, որ 252 բանաձեւը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հենց այդ պատճառով ԱՄՆ վարչակազմը նրա դեմ է հանդես գալիս:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---