18 մարտի 2010 - 14:56 AMT
Էդվարդ Նալբանդյան. Երեւանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները շատ ավելի վաղ, քան Բաքուն
ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները: Հայաստանն ընդունել է այդ առաջարկները որպես բանակցային գործընթացի հիմք շատ ավելի վաղ, քան պաշտոնական Բաքուն: Այդ մասին Երեւանում Սլովակիայի ԱԳՆ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Երկար ժամանակ Ադրբեջանը հրաժարվում էր Մադրիդյան սկզբունքներից: Այնուհետեւ Բաքուն հայտարարեց, որ ընդունում է դրանք որոշ բացառություններով: Բայց ստացվեց այնպես, որ բացառություններն ավելի շատ էին, քան այն դրույթները, որոնց հետ համաձայնվել էր ադրբեջանական կողմը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը, ավելացնելով, որ նման մեթոդներով Բաքուն շարունակում է խեղաթյուրել բանակցային գործընթացի էությունը:

Խոսելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին` Նալբանդյանը հայտարարեց, որ կողմերը շարունակում են աշխատանքային առաջարկություններ ներկայացնել բանակցությունների վերաբերյալ, որոնք կողմերին ներկայացվել են Սոչիում Հայաստան, Ռուսաստան եւ Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո, «կողմերը պարբերաբար առաջարկներ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, եւ դրանում գերբնական ոչինչ չկա»,- ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ անցկացրած հանդիպմանը` նախարարը հաղորդեց, որ հանդիպումը կառուցողական էր:

Իր հերթին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչուկը հայտարարեց, որ ԵՄ-ը հետեւում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: «Մենք նույնպես պաշտպանում ենք հակամարտության կարգավորումը Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- ասել է Միրոսլավ Լայչուկը, ընդգծելով, որ ԵՄ-ը մտադիր չէ ուղղակիորեն ընդգրկվել բանակցային գործընթաց, քանի որ դրա համար արդեն գոյություն ունի ձեւաչափ` ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: