18 մարտի 2010 - 15:50 AMT
Թուրքիան դեմ է անլեգալ հայերի վտարման մասին Էրդողանի հայտարարությանը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը բողոք է արտահայտել երկրից 100.000 հայերին վտարելու մասին վարչապետ Էրդողանի հայտարարության դեմ: «Այդ սարսափազդու հայտարարությունը կրկնակի սարսափելի է դառնում, երբ այն արտասանում է վարչապետը: Այդպիսի հայտարարություն անելը ժողովրդավարական չէ: Չի կարելի փող վաստակելու համար Թուրքիա ժամանած մարդկանց օգտագործել նենգ նպատակներին հասնելու համար», - հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը: Նա նաեւ նախազգուշացրել է իր ղեկավարած կուսակցության անդամ Ջանան Արիթմանին, որը նույնպես արտահայտվել է Թուրքիայից հայերին վտարելու մասին: «Մենք ժողովրդավարական արժեքները պահպանում ենք, եւ այդպիսի հայտարարությունները տեղին չեն», - ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդը:

Դենիզ Բայկալը պահանջել է նաեւ, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները քննարկվեն խորհրդարանում:
Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Օզթուրք Թուրքդողանն, իր հերթին, ընդգծել է, որ Էրդողանի հայտարարությունը նենգություն եւ խտրականություն է: Նրա խոսքերի համաձայն, հայտարարությունը խախտում է մարդու ազատ գործելու եւ տեղաշարժվելու իրավունքը: «Աշխարհում շատ թուրք աշխատողներ կան: Արդյո՞ք Թուրքիան նրանց էլ չի օգտագործի, եթե որեւէ խնդիր առաջանա: Բացի այդ, Թուրքիայում այլազգի տարագիր աշխատողներ շատ կան», - ընդգծել է Թուրքդողանը, գրում են թուրքական ԶԼՄ-երը: