18 մարտի 2010 - 18:46 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը միասին կդիմակայեն համաշխարհային նոր մարտահրավերներին
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանն ու ՌԴ ԱԴԾ սպա, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Արարողությունից հետո կայացած ճեպազրույցում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԱԽ քարտուղարի Ռուսաստան կատարած այցի արդյունքները: Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի հերթական այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մշակվել է միասնական դիրքորոշում, քանի որ աշխարհը դինամիկ փոխվում է, առաջանում են նոր մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է արձագանքել դրանց:

«Վստահ եմ` նոր մարտահրավերների պատճառով առաջացող խնդիրները կլուծենք միասին»,- ասել է Նիկոլայ Պատրուշեւը: Նրա գնահատմամբ` Արթուր Բաղդասարյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության օրակարգում առկա բոլոր խնդիրները համակարգված լուծվեն:

Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ռուս գործընկերների հետ շատ արդյունավետ կոնսուլտացիաներ են եղել: Կողմերը, որպես ռազմավարական գործընկերներ, կարողացել են առկա բոլոր խնդիրների լուծումները գտնել: «Մենք շարունակելու ենք խորացնել համագործակցությունը կոնկրետ ուղղություններով: Կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կոնկրետ ուղղություններով կնպաստեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք շատ գոհ ենք այս այցից, ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ընդունելությունից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: